Մենք շարունակում ենք ապրել նիկոլական «ծուռ հայելիների» աշխարհում, որտեղ գոյություն ունեն միայն նրա մտասևեռումները, իսկ իրականությունն այլ բանի մասին է խոսում: Երբ Նիկոլն անընդհատ կրկնում է, թե ինքն «անհոգնել շարունակ կրկնելու է», դա հենց այնպես չի ասում, քանի որ ինքը հավատում է, որ ամեն ինչ հենց իր պատկերացումների ծիրում է:
Ի դեպ, սա նորություն չէ, Նիկոլի մոտ սևեռուն հայացքներն ու գաղափարները մշտապես առկա են եղել, իսկ իշխանության գալուց հետո դրանք ավելի խտացան: Մարդը հավատում է, որ ինքը դառնալու է «չորրորդ հանրապետության հիմնադիրը» և ամեն ինչ անում է այդ գաղափարը կյանքի կոչելու համար։ Եվ պատահական չէ, որ նա «իրական Հայաստան» ցնդաբանության մոդելում զետեղել է իր կողմից տարբեր առիթներով արտահայտած «գաղափարական» թեզերը՝ «այստեղ պետություն՝ այստեղ հաց, այստեղ պետություն՝ այստեղ կաց», «սիրո՞ւմ ես հայրենիքդ՝ ուժեղացրու պետությունդ», «հարստացիր և հարստացրու», «Հայաստանն իմ օջախն է, ժողովուրդն իմ ընտանիքը» և բացարձակապես ոչ մի արժեքաբանական հիմք չուենցող նմանօրինակ այլ պնդումներ։
Եթե փորձենք նայել լրիվ օբյեկտիվ աչքերով, ապա հենց առաջին հայացքից ակնհայտ է դառնում, որ սրանք մոլագարության սինդրոմ ունեցող մարդու զեղումներ են, որոնք զուրկ են ռացիոնալության բաղադրիչից և իրենց մեջ անձնապաշտության ու եսակենտրոնության բաղադրիչների բարձր դոզա են պարունակում։
Նիկոլը լուրջ հավատում է, որ ինքը «պետության հայրն է» և իր ասածները բացարձակ արժեք ունեցող մտքեր են։ Ասեմ, որ նրա թիմի ներսում նույնպես նման մթնոլորտ է տիրում, երբ բոլորը փորձում են սիրաշահել և հաճոյանալ շեֆին, նրանից առաջ ընկնելով բարձրաձայնել վերջինիս սրտի ուզածը՝ աչքի լույսը դառնալու համար. եթե ուշադիր նայեք պատգամավորների ու նախարարների բառամթերքը, միանգամից կֆիքսեք ասածիս ճշմարտացիությունը, ավելին, ոչ մեկը նրան չի հակադրվում և ասածին չի ընդդիմանում։
Առաջիկայում, Աստված մի արասցե սրանց իշխանությունը պահպանվելու և երկարելու դեպքում, նա ամեն ինչ անելու է, որ իր արձանները ՀՀ տարբեր հատվածներում տեղադրվեն, և փառաբանվի իր «փառքն ու գործը»՝ ինչպես բնորոշ է դասական բռնապետիկներին։
Արմեն Հովասափյան